Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը երրորդ զանգվածային հարվածն են հասցրել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին տեղեկացրել է ՌԴ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը:

 

 

«Այսօր Մոսկվայի ժամանակով 09:00-ին ՌԴ օդատիեզերական ուժերը երրորդ զանգվածային ավիացիոն հարվածներն են հասցրել Սիրիայի տարածքում անօրինական գործող զինված խմբավորումների ուղղությամբ»,- «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ' ասել է Կարտապալովը:

 

 

Նրա խոսքով' 09:00-ից 09:20-ն ընկած հատվածում Ту-95МС ռազմավարական հրթիռակիրներն արձակել են 12 հրթիռ Հալեպի և Իդլիբի շրջաններում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների ուղղությամբ:

 

 

Հարվածների նպատակակետերն են եղել վառելիքի պահեստարանները, պայթուցիկ նյութեր արտադրող գործարանը, հրամանատարական կետը և Իդլիբ քաղաքում տեղակայված ԻՊ-ի կենտրոնակայանը:

 

 

Նաև, նրա խոսքով, ժամը 16:40-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ту-22М3 հեռահար ռմբակոծիչներից հասցվել է ուղիղ հարված Ռաքքայի և Դեյր-Էր-Զորի շրջանների վեց օբյեկտների:

 

 

«Նպատակակետերն են եղել ԻՊ-ի կողմից կառավորվող նավթավերամշակման օբյեկտները, զինամթերքի պահեստարանը և ականանետների արտադրության ու վերանորոգման արտադրամասը»,- ասել է գեներալը:

 

 

Հարվածների արդյունքում' ոչնչացվել են կենտրոնակայան, երեք զինանոց, պայթուցիկների արտադրության գործարան, հրամանատարական կետ, ականանետների արտադրամաս, ինչպես նաև երեք խոշոր նավթային համալիր ու նավթի պոմպակայան: