Ռուսական օդա-տիեզերական ուժերը սիրիական օդուժի հետ համագործակցության արդյունքում անցնող երեք օրերի ընթացքում հարվածներ են հասցրել ահաբեկչական-ծայրահեղական կազմակերպությունների 285 նպատակակետերի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, թռիչքներն իրականացվել են Համայի, Իդլիբի, Լաթաքիայի, Դամասկոսի, Հալեպի, Դեր Զորի նահանգներում: Ռմբակոծությունների արդյունքում ահաբեկիչների ղեկավարների 24 նստավայրեր, պայթուցիկ սարքավորումների 3 արտադրամաս, 21 զինապահեստ, 200-ից ավելի մարտական դիրքեր, հենակետեր ու ռազմական ճամբարներ են ոչնչացվել:
Աղբյուրը տեղեկացնում է, որ նախորդ 24 ժամերի ընթացքում ահաբեկիչների 90-ից ավելի դիրքեր հայտնվել են օդային ուժերի համատեղ հարվածների թիրախում:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով ռուսական օդային ուժերը սեպտեմբերի 30-ից հարվածում են «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերի ուղղությամբ: Շուրջ մեկ ամիս տեւած ռմբակոծությունների արդյունքում ահաբեկիչների կորուստները ակնհայտ մեծ են: