«Սիրիայի ժողովրդավարական ուժերը» օգոստոսի 8-ին սիրիական Ռաքքայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճիրաններից 7 քրիստոնյա են փրկել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:
Aranews-ի փոխանցմամբ' փրկվածների թվում եղել է երկու հայ ընտանիք:
Փրկվածներից հայազգի Սավս Քարաբջյանը Aranews-ի հետ զրույցում հայտնել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներն իրենց ստիպել են մուսուլմանական գլխաշոր կրել, և մուսուլմաններից տարբերվելու համար ստիպել են դեմքները բացել:
Հայ կանանցից մյուսը' Քարադիժ Քարադժյանը նշել է, որ իրենք ստիպված են եղել ահաբեկիչներին հարկեր վճարել:
«Կարծես այսօր մենք նորից ենք ծնվել»,- Aranews-ի հետ զրույցում նշել է նա:
ԻՊ կողմից Ռաքքան գրավելուց հետո տեղի քրիստոնյաների մի մասը տեղափոխվել է քրդերի հսկողության տակ գտնվող Հասեքե, իսկ մի մասը շարունակում է մնալ Ռաքքայում: