Սիրիական բանակը նոյեմբերի 27-ին Դեր Զորի մարզում 30 մ երկարությամբ թունել է հայտնաբերել և ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ջաբալիա թաղամասում ոչնչացվել է զինյալների նստավայրը , ինչպես նաև հավաքատեղիներ Հուեյջա Սաքր, Հուեյկա Ռաշիդին թաղամասերում:
Բացի այդ, սիրիական բանակը «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման զինապահեստ է ոչնչացրել Հոմսի Ռուսթան գյուղում: Տասնյակ ահաբեկիչներ սպանվել են Հոմսի մի քանի այլ գյուղերում:
Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ՝ Հալեպի Ֆակիա և Քաֆրսանջա գյուղերում նոյեմբերի 27-ին վերսկսվել են բախումները «Ջաբհա ան Նուսրա» և «Սուար Սուրիա» խմբվորումների միջև: Աղբյուրը տեղեկացնում է, որ Դեր Զորի մարզի Ալ Մայադին քաղաքում ականապատ մեքենա է պայթել: Պայթյունից «Իսլամական պետության» անդամներ են սպանվել և վիրավորվել: Մինչև այժմ, սակայն տուժածների թիվը թիվ չի նշվում:
Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարեւան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում: