Լաթաքիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում, սիրիական բանակի ստորաբաժանումների և «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հետ բախումների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, ոչնչացվել են նրանց պատկանող զինապահեստը և զենքերը: Բախումները, մասնավորապես, ընթացել են Ուադ ի և Ռաբիա գյուղերում՝ Լաթաքիա քաղաքից 60 կմ հեռավորության վրա: Սպանված զինյալների թվում է եղել ահաբեկչական խմբավորման չեչեն ղեկավարը, նաև թունիսցիներ: Զինյալների թաքստոցներ և զինապահեստ է ոչնչացվել նաև Ղանիմիա գյուղում:

 

Սիրիական բանակը Համայի գյուղերում իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացրել է ահաբեկչական ծայրահեղական խմբավորումների թաքստոցները, զենքերը, սպանվել են 23 ահաբեկիչներ:

 

Սիրիական բանակի ստորաբաժանումները Դեր Զորում և մերձակա գյուղերում «Իսլամական պետության» հետ բախումների ընթացքում ահաբեկիչների թաքստոցներ են ոչնչացրել: Բախումների արդյունքում Ջաֆրա գյուղում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Գյուղը պարբերաբար հարձակումների է ենթարկվում ԻՊ-ի կողմից:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ բանակն առաջընթաց է գրացնել Դեր Զորի ռազմական օդանավակայանի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում: Բախումներ են ընթացել Դեր Զորի քաղաքի ներսում՝ Ռասսաֆա թաղամասում: