Սիրիական բանակը Լաթաքիայի հյուսիսում գտնվող Խադրա և Ատիրա գյուղերում 17 զինյալ է ոչնչացրել, որոնց մեծամասնությունը սիրիացիներ չեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սպանված զինյալների թվում է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավարը, կան նաև տասնյակ վիրավորներ: Զինված խմբավորումները լուրջ վնասներ են կրել նաև Դամասկոսի մերձակայքում գտնվող Կունեյտրա գյուղում, ոչնչացվել են նրանց թաքստոցները և զենքերը:
Կանխվել է զինյալների մուտքը Դարաայի շրջանի Օթման գյուղաքաղաք: Բանակի ստորաբաժանումներից մեկը հարձակվել է զինված խմբավորման վրա՝ վնասներ հասցնելով:
Մյուս կողմից, ԱՄՆ-ի և դաշնակիցների օդային ուժերը հարվածներ են հասցրել Դեր Զորի Բուքմալ քաղաքի ուղղությամբ: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվող կադրերում երևում է, թե ինչպես են ամերիկյան օդային ուժերը Բուքմալ քաղաքի մերձակայքում ռմբակոծում ԻԼԻՊ-ի դիրքերը:
Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ը և դաշնակից երկրները առաջին օդային հարվածներն են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին: Ռմբակոծություններին մասնակցել են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Քաթարը: Ռմբակոծությունների ժամանակ օգտագործվել են կործանիչներ, հրթիռներ, ռմբակոծիչներ: