Սիրիական բանակը հետ է մղել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հարձակումը Իդլիբ քաղաքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ահաբեկիչները փորձել են ներխուժել քաղաք հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան, սակայն որևէ թաղամասում նրանց չի հաջողվել ամրապնդել ուժերը: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Աղբյուրի տեղեկացմամբ' Իդլիբ քաղաքը վերադարձել է բնականոն կյանքին:
Միևնույն ժամանակ, սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Համայի շրջանում՝ հսկողություն հաստատելով Բուեյդա գյուղի վրա: Բանակը մեծ թվով զինյալներ է ոչնչացրել նաև Քաֆր Զիթայում, Սայադում, Մուրքի հյուսիսում և այլ շրջաններում:
Հոմսի Ուաար ալ Կադիմ, ինչպես նաև Տար ալ Աշթար շրջաններում զինյալները լուրջ կորուստներ են կրել:
Դամասկոսի Համիդի շրջանում պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի զոհվել է, ևս 7-ը' վիրավորվել: Պայթուցիկ սարքավորումը տեղադրվել է Բզուրիե փողոցում: Բացի մարդկային վնասներից, նյութական վնասներ են կրել մոտակայքում գտնվող առևտրի կենտրոնները:
Սիրիայում 3,5 տարվա հակամարտության զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված հեռացել են իրենց հայրենիքից: