Սիրիական բանակը կրկին հետ է մղել «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության հարձակումը Դեր Զորի ռազմական օդանավակայանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս անգամ ծայրահեղականները փորձել են հասնել հյուսիսային հատվածում գտնվող ավիաբա զային, սակայն հետ են մղվել: Բախումների ժամանակ ավելի քան 5 զինյալներ են սպանվել:

 

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ' սիրիական բանակը Դեր Զորի մարզի Հուեյջա Սաքր գյուղում ԻՊ-ին պատկանող թաքստոց է ոչնչացրել: Բախումների ժամանակ տասնյակից ավելի ահաբեկիչներ են սպանվել:

 

Դեր Զորի ռազմական օդանավակայանը համարվում է Եփրատ գետի ավազանի հարավային շրջանում կառավարական ուժերի վերջին հենակետը: Դեկտեմբերի 4-ին ԻՊ-ին հաջողվել էր վերահսկողություն հաստատել օդանավակայանի մերձակայքում գտնվող Հուեյջա Սաքր և ալ Ջաֆրա բնակավայրերի վրա:

 

Պայքարը ԻՊ-ի դեմ շարունակվում է նաև թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքում: Շուրջ 90 օր շարունակվող պայքարում քրդական ուժերը կարողացել են պաշտպանել քաղաքը, չնայած որ հարավ-արևելյան հատվածները շարունակում են մնալ ԻՊ-ի հսկողության տակ:

 

Սիրիական բանակը թեժ պայքար է մղում նաև Իդլիբի մարզում: Տասնյակ ահաբեկիչներ են սպանվել Մարյան, Քաֆ Նաջդ, Քաֆր Բատիխ, մԱջդալիա, Թել Դինիթ և Ֆայլուն գյուղերում:

 

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով ավելի քան 200 հազար մարդ է զոհվել: Միլիոնավոր մարդիկ ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և Իրաքում: