Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում սիրիական բանակի հետ բախումների հետևանքով «Իսլամական պետության» 20 զինյալներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանցից 5-ն սպանվել են օդանավակայանի մերձակա շենքի վրա հարձակում գործելու ժամանակ: Տասնյակից ավելի ահաբեկիչներ սպանվել են սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ' սիրիական բանակը Դեր Զորում և մերձակա գյուղերում շարունակում է պայքարել ԻՊ-ի դեմ: Ռազմական գործողությունների արդյունքում բանակը հսկողություն է հաստատել Գյուղատնտեսության քոլեջի վրա' ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների: Բացի այդ, ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող զենքերը, տեխնիկան:
Հոմսի Ուաար թաղամասում բախումների ժամանակ ևս տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: ԻՊ-ի անդամները լուրջ վնասներ են կրել նաև Ռակկայի մարզի մերձակայքում գտնվող Ռուհում գյուղում:
Մյուս կողմից, միջազգային դաշինքի օդանավերը դեկտեմբերի 21-ին յոթ հարվածներ են հասցրել ԻՊ-ի' Հալեպի մերձակա գյուղերում գտնվող դիրքերին:
«Իսլամական պետությունը» ամենախոշոր, ամենավտանգավոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունն է աշխարհում: Ամիսներ շարունակ կազմակերպությունը հանցագործողություններ է իրականացնում Սիրիայում և Իրաքում' գրավելով մեծ տարածքներ: