ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի օդային հարվածների արդյունքում' Իրաքի Նինվե մարզի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» մոտ 80 ահաբեկիչներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, միջազգային դաշինքի օդանավերը Ուադի   և Սինաա բնակավայրերում ռմբակոծել են ահաբեկիչներին պատկանող զինպահեստը, ինչպես նաև ռազմական ճամբարը՝ պատճառելով մեծ վնասներ, այրվել է 3 տանկ:

 

 

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրաք է ուղարկել մոտ 10 հազար ինքնաձիգ, 250 զրահամեքենա և այլ զենք' 18 միլիոն դոլարի արժողությամբ: Պենտագոնի տեղեկացմամբ' զենք ուղարկելը Վաշինգտոնի ծրագրի մի մասն է' Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարելու համար: Պենտագոնը նաև հայտարարել է այս ամսվա ընթացքում ավելի քան 200 հրթիռ ուղարկելու մասին:

 

 

ԱՄՆ-ը և միջազգային դաշինքի երկրները մոտ ժամանակներում կսկսեն զինպատրաստություն անցկացնել իրաքյան ուժերի հետ' Մոսուլում ԻՊ-ի դեմ պայքարելու և քաղաքի վրա վերահսկողություն հաստատելու համար: Լուրեր են շրջանառվում ապրիլի հարձակում սկսելու մասին:

 

 

Մոսուլ քաղաքը 2014թ.-ի հունիսից հայտնվել է ԻՊ-ի ձեռքում: Ահաբեկիչներն այնտեղ շարունակում են հանցագործություններ կատարել. օրեր առաջ պայթեցրել էին Մոսուլի կենտրոնական գրադարանը, տարբեր եկեղեցիներ, այդ թվում՝ հայկական:

ԱՄՆ-ը Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ սկսել է օգոստոսի 8-ից: