Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ երկրի օդային ուժերի ռմբակոծության հետևանքով Սալահ ադ Դին մարզի Բայջի քաղաքում «Իսլամական պետության» անդամ 18 ահաբեկիչ է սպանվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բացի այդ, բանակին հաջողվել է վերականգնել Բաղդադ-Քիրքուք ճանապարհի անվտանգությունը: Ճանապարհով սկսել են մեքենաներ երթևեկել:
Իրաքյան ուժերը հաջողությունները գրանցել են առանց միջազգային դաշինքի օգնության:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, իրաքյան ուժերն ԻՊ-ից ազատագրել էին Սալահ ադ Դին մարզի մարզպետարանի շենքը, մշակութային կենտրոնը:
Նախօրեին տեղեկություններ էին ստացվել, որ Բայջիում 60 ահաբեկիչ է սպանվել:
«Իսլամական պետությունն» արդեն մի քանի ամիս սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ: