Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Մոսուլ քաղաքում փետրվարի 12-ին քրդաական փեշմերգա կոչվող ուժերի վրա հարձակման հետևանքով «Իսլամական պետության» 18 ահաբեկիչներ են սպանվել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Քրդստանի Ժողովրդավարական միություն կուսակցությունը հայտարարել է, որ ԻՊ-ի ահաբեկիչները Մոսուլ քաղաքի Հասան Շամ գյուղում փետրվարի 11-ի երեկոյան հարձակվել են քրդական ուժերի դիրքերի վրա: Քրդական ուժերին հաջողվել է կասեցնել հարձակումը և մեծ վնասներ պատճառել ահաբեկիրչներին' առանց սեփական շարքերում վնասներ գրանցելու:

 

 

«Իսլամական պետությունը» նաև հարձակում է գործել Ռամադի քաղաքի արևմուտքում գտնվող Ալ Բաղդադի գյուղաքաղաքի վրա: Թեժ բախումներ են ընթացել անվտանգության ուժերի և ահաբեկիչների միջև:

 

 

Տեղեկություններ են ստացվել նաև, որ ԻՊ-ի 9 ղեկավարներ են սպանվել սիրիական սահմանի մերձակայքում գտնվող ալ Կաիմ քաղաքում:

 

 

Սիրիական Ռակկա քաղաքից ստացված տեղեկությունների համաձայն' ԻՊ-ն շարքերը համալրելու կարիք ունի այն բանից հետո, երբ տասնյակ անդամներ փախուստի են դիմել: Կազմակերպությունում լարված իրավիճակ է ստեղծվել, հատկապես, մահապարտ-ահաբեկիչների շարքերում:

 

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: