Իրաքի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է, որ Ռամադի քաղաքում իրաքյան ուժերի ռմբակոծության հետևանքով «Իսլամական պետության» 60 անդամներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իրաքյան ուժերրը հարձակվել են Ռամադի քաղաքի արևմտյան հատվածի վրա: Ռմբակոծվել են ԻՊ-ի 4 դիրքեր: Թիրքիթ քաղաքի հարավում կազմակերպության 25 անդամներ են սպանվել:
Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ԻՊ-ն հսկողություն է հաստատել Դիյալա մարզի Ալի Սար և Թաթարան գյուղերի վրա: Տասնյակ ընտանիքիներ ստիպված հեռացել են Դիյալա մարզի առավել ապահով շրջաններ: Մարզպետի խոսքով' թեժ բախումներ են ընթանում անվտանգության ուժերի և ԻՊ-ի միջև:
«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Այն 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն արդեն մեկ ամիս է պայքարում են ԻՊ-ի ոչնչացման համար: