Իրաքյան բանակը, ոստիկանությունը և ազգային կամավորական ջոկատները Բայջիում լուրջ վնասներ են հասցրել «Իսլամական պետության ահաբեկչական կազմակերպությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, անվտանգությ ան աղբյուրները տեղեկացնում են, որ Սալահ ադ Դին մարզի Թիրքիթ քաղաքի հյուսիսում Իրաքի անվտանգության ուժերը ԻՊ-ի անդամներին պատկանող 5 տներ են պայթեցրել և առաջ են շարժվել դեպի Բայջի:
Հատկանշական է, որ այս ռազմական գործողություններն իրականացվել են առանց միջազգային դաշինքի օգնության: Տեղեկություններ կան, որ իրաքյան օդային ուժերը ռմբակոծել են ահաբեկիչների Բայջիի նստավայրը, որի հետևանքով 60 ահաբեկիչներ են սպանվել:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Սալահ ադ Դին մարզում ռազմական գործողությունները ընթացել են նախօրեին: Կամավորական ջոկատները Բայջիում հաձակվել են ահաբեկիչների հենակետերի վրա:
Պայքարն ԻՊ-ի դեմ շարունակվել է նաև Նինվե նահանգում: Մարզի հիվանդանոցներն ԻՊ-ի տասնյակ վիրավոր և սպանված անդամներ են ընդունել: Հոկտեմբերի 22-ից Նինվեի հիվանդանոցներն ընդունել են ավելի քան 80 վիրավոր և 13 սպանված ահաբեկիչներ:
Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Ֆալլուջա քաղաքում ԻՊ-ի 50 անդամներ են սպանվել:
«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս է' սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ: