Սիրիայի օդային ուժերի ինքնաթիռները սեպտեմբերի 21-ին ռմբակոծել են Ռաքքա քաղաքը, ինչի արդյունքում ոչնչացվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 142 մարտիկներ: Սպանված ահաբեկիչներն ԻՊ-ի տարբեր ստորաբաժանումների ջիհադականներ են եղել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սիրիական մամուլը հայտնել է, որ սպանվածների մեջ եղել են «Հանսա», «Հասսաբահ» և «Ազերի» բրիգադների ահաբեկիչներ:
Նշվել է, որ 142 ահաբեկչից 40-ը եղել են «Ազերի» բրիգադի կազմում կռվող ադրբեջանցի ահաբեկիչներ: Նրանց մեջ է եղել «Ազերի» բրիգադի ազգությամբ ադրբեջանցի հրամանատար Աբու Դավութը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 3000-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում և Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել է 350-ից ավել ադրբեջանցի: 2013 թվականի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: