Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» ավելի քան 7 հազար ահաբեկիչներ են սպանվել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Հորդանանի օդային ուժ երի ղեկավար Մանսուր Սալեհ ալ Ջուբուրը: Նրա խոսքով' ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող կենտրոններ, զինապահեստներ, թաքստոցներ: «Մեր վերջնական նպատակն է երկրագնդի երեսից վերացնել նրանց»,- նշել է նա: Ալ Ջուբուրի տվյալներով, միջազգային կոալիցիային հաջողվել է ոչնչացնել ԻՊ-ի ռազմական ներուժի 20 տոկոսը: Միջազգային կոալիցիայի հիմնական նպատակն է հաշվեհարդար տեսնել ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի հետ, ինչպես նաև ոչնչացնել մարզական ճամբարները, կանխել նավթի անօրինական վաճառքը:

 

Իրաքում մոտ ապագայում հնարավոր է սկսվի լայնածավալ ցամաքային հակաահաբեկչական գործողություն: Այս մասին հորդանանյան տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենը: Նրա խոսքով' մոտակա շաբաթներին, երբ իրաքյան ուժերը ցամաքային գործողություններ սկսեն ԻՊ-ի դեմ, կոալիցիան կապահովի ուժգին կրակի աջակցությունը:

 

«Մենք ստեղծել ենք 4 ճամբար, որտեղ կոալիցիայի ներկայացուցիչները զինպատրաստություն են անցկացնում իրաքյան ոժերի հետ»,- նշել է նա:

 

Միջազգային կոալիցիայի կազմում ընդգրկվել են 62 երկիր, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ< /i> է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: