Իրաքի հյուսիս-արևմտյան մարզերում' մասնավորապես Անբարում և Բաբելում, «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած ԴԱԻՇ խմբավորման 51 զինյալ է սպանվել, ևս 17-ը' վիրավորվել: Իրաքի զինված ուժերը շարունակում են պայքարել զինյալների դեմ:

 

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում շուրջ 70 զինյալ է սպանվել կառավարական ուժերի կողմից: Նրանցից 40-ին ոչնչացրել են Բաղդադից 400 կմ հեռավորությամբ գտնվող Մոսուլ քաղաքում: Տեղեկություններ են հաղորդվել նաև այն մասին, որ հակակառավարական զինված խմբավորումների 46 անդամ գերի է վերցվել:

 

«Ալ Մայադին» կայքի տեղեկացմամբ' մայիսի 20-ին Անբարի արևմուտքում ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով ոստիկանության 4 աշխատակից է զոհվել և վիրավորվել: Բացի այդ, մեկ այլ ականապատ մեքենա պայթել է Բաբել շրջանի Հիլլա քաղաքի կենտրոնում: