Իրաքյան ուժերը մարտի 6-ին Սալահ ադ Դին մարզի Թիքրիթ քաղաքում ազատագրել են Ալ Կադսիա թաղամասը՝ ոչնչացնելով ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ' իրաքյան ուժերը մարտի 5-ին ազատագրել են մարզի ավելի քան 100 քառ.կմ տարածք' ավելի քան 25 ահաբեկիչների ոչնչացնելուց հետո:

 

Իրաքյան ուժերը հայտարարել են Դուրի օդանավակայանի ազատագրման մասին, որը գտնվում է Թիքրիթ քաղաքի արևելյան հատվածում: Բացի այդ' դրանք իրենց վերահսկողության տակ են առել Համրին լեռան մի հատվածը, ինչպես նաև Դուր և Քիրքուք բնակավայրերի միջև գտնվող ճանապարհը՝ փակելով ահաբեկիչների տարածումը:

 

 

Աղբյուրի տեղեկացմամբ' քրդական փեշմերգա ուժերը 3 կողմերից հարձակում են իրականացրել Մոսուլի հյուսիսում գտնվող Բաշիկա բնակավայր մոտ գտնող բլուրների վրա:

 

 

«Իսլամական պետությունը» մահապատժի է ենթարկել Ջուբուր ցեղախմբի ինն անդամների: Դեպքը տեղի է ունեցել Մոսուլի հարավում: Մահապատժի ենթարկելու պատճառն այն է, որ նրանք հրաժարվել են կռվել կազմակերպության շարքերում:

 

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում էՍիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն' Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ն հայտարարել է Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: