Իրաքյան ուժերը և ազգային կամավորական ջոկատների մարտի 31-ին մարտերով հասել են Թիքրիթ քաղաքի կենտրոն՝ վերահսկողություն տակ վերցնելով մի քանի կարևոր շինություններ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան ուժերը հսկողություն են հաստատել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի նստավայրի վրա:

 

Բախումների ժամանակ «Իսլամական պետության» ավելի քան 40 ահաբեկիչ են սպանվել, վնասազերծվել են ավելի քան 300 պայթուցիկ սարքավորումներ:

 

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անվտանգության ուժերը հասել են քաղաքի կենտրոն և ազատագրել քաղաքի հարավային և արևմտյան հատվածները: Նա նաև ավելացրել է, որ նրանք առաջ են շարժվում՝ նպատակադրվելով ամբողջությամբ ազատագրել այն:

 

Թիրքիթի ազատագրման ռազմական գործողությունները սկսվել են մարտի 2-ին: Իրականացված ռազմական գործողությունն համարվում է ամենալայնածավալն ուղղված ԻՊ-ի դեմ, որը 2014թ. հունիսից հսկայական տարածքներ է գրավել Իրաքում:

 

Թիքրիթը ռազմավարական կարևոր նշանակության քաղաք է համարվում, այն Սադամ Հուսեյնի ծննդավայրն է: Գտնվում է Բաղդադի և Մոսուլի միջև:

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալԲաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: