Իրաքի անվտանգության ուժերը մարտի 2-ին մտել են Ալբու Հասանի շրջան, որը գտնվում է Սալահ ադ Դին մարզում և ազատագրել այն «Իսլամական պետությունից»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ազատագրվել են Դաուր և Կադսիա շրջանները: Անվտանգության ուժերը հսկողություն են հաստատել նաև Աբու Շաուարիբ կամրջի վրա և խորացել Սամրա քաղաքի արևելքում գտնվող Շեյխ Մուհամադ շրջանում: Բանակի ղեկավարությունը հայտարարել է այնտեղ 3 շրջաններ ազատագրելու և ռազմական գործողությունները Թիրքիթի ուղղությամբ շարունակելու մասին:

 

 

Քրդական փեշմերգա և եզդիական ուժերը կանխել են Սինջարի վրա 4 կողմից ԻՊ-ի հարձակումը: Փեշմերգան Մոսուլի արևելքում գտնվող Թել Ռիմ գյուղը մարքել է ԻՊ-ի ահաբեկիչներից: Մյուս կողմից, Սինջարի Բարբուշ թաղամասում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել: Պայթյունը որոտացել է եզդիների և փեշմերգայի ռազմակետում:

 

 

Անվտանգության ուժերը ռմբակոծել են ԻՊ-ի հավաքատեղիները Թիրքիթի մերձակայքում:

Իրաքյան ուժերը հայտարարել են Ալ Բաղդադի քաղաքի մոտ Ջաբբա շրջանն ազատագրելու լայնածավալ գործողություններ սկսելու մասին:

 

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: