Սիրիական բանակը նոր հաջողություններ է գրանցել հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու շրջանակում՝ իր վերահսկողության տակ վերցնելով Դարաայի մարզի հյուսիս-արևելքում գտնվող Արևելյան Միսիքա, Արևմտյան Միսիքա, Ռասմ ալ Խաուաբի, Աշնան և Դալլասա գյուղաքաղաքները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, սիրիական բանակի ստորաբաժանումներն ամբողջովին շրջափակել են Մլհիա ալ Ատաշ և Բուսր ալ Հարիր գյուղաքաղաքները:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրամանով Սիրիայի պաշտպանության նախարար Ֆահեդ Ջասիմ ալ Ֆրեյջն այցելել է երկրի հարավում գտնվող օդային ուժերի ավիաբազա, ողջունել նրանց գործունեությունը:
Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին սիրիական բանակն ազատագրել է Հալեպի հարավում գտնվող Ռիշադիա գյուղը: Բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել ու վիրավորվել: Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ քրդական ուժերը հաջողություն են գրանցել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում՝ Քոբանի քաղաքի հարավում իրենց վերահսկողության տակ առնելով Բասիմ Ալքան և Ջաբիր Մաթրաս գյուղերը: Թեժ բախումներ ժամանակ «Իսլամական պետության» ահաբեկիչներ են սպանվել:
Սիրիայի իշխանությունների տեղեկացմամբ, սիրիական հակամարտության չորս տարում զինված ընդդիմադիրների կողքին բանակի դեմ կռվում են ավելի քան 80 երկրների 100 հազարից ավելի զինյալներ:
ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: