Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դարաայի Սիջնա թաղամասի վրա՝ ոչնչացնելով տասնյակ զինյալների, որոնց թվում է եղել նաև «Լուա աթ Թաուհիդ» խմբավորման ղեկավար Օմար Աբու Սարիան: Տեղի ունեցած բախումների ժամանակ լուրջ կորուստներ են կրել նաև «Ջաբհա ան նուսրա» խմբավորման անդամները, որոնց թվում եղել են սաուդացիներ, լիբանանցիներ, լիբիացիներ: Բախումներ են ընթանում Դարաայի Նուա գյուղում, որի բնակիչների մեծամասնությունը ստեղծված իրավիճակից ստիպված հեռացել է:
Մյուս կողմից' Դամասկոսի Մլիհե գյուղում բախումների ժամանակ «Ջաբհա ան նուսրա» խմբավորման անդամներ են սպանվել, այդ թվում' նրանց ղեկավար Ամր ալ Կադին:
Բանակը շարունակում է ռազմական գործողություններ ծավալել նաև Հալեպում և մերձակա գյուղերում: Տասնյակ զինյալներ սպանվել և վիրավորվել են Մանսուրա, ալ Լիրմուն, Մաարա Արթիկ, Աթարիբ, Հարյաթան Սուսիյան, Մարաա, Խան ալ Ասլ և այլ շրջաններում:
ՄԱԿ-ի տվյալներով' Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը: