Սիրիական բանակը և զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Հոմսի մարզի Ում Շարշուհ գյուղի Ալ Բադու փողոցի մի շարք շինությունների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի այդ, սիրիական բանակը կանխել է Հալեպի Մանսուրա գյուղից զինված խմբավորումների մուտքը ռազմական հենակետեր: Տեղի ո ւնեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

 

Աղբյուրը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին Դամասկոսի քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում 2 հրթիռ է ընկել՝ վնասելով բնակելի 3 շինություններ: Նյութական վնասներ է կրել նաև Ալ Ասադի անվան գրադարանը:

 

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ կառավարական ուժերը ռմբակոծում են Դամասկոսի Ջոբար և Զաբադանի թաղամասերը: Մյուս կողմից, մարտեր են ընթանում Խան Շեյխ, Մասրաբա գյուղերի մերձակայքում:

 

Լիբանանյան «Ալ Մայադին» կայքի փոխանցմամբ' սպանվել է «Իսլամական բանակ» խմբավորման ղեկավարը՝ Աբու Մուհամմադ Հարունը: Նա սպանվել է Արևելյան Ղուտայի շրջանում' ԻԼԻՊ խմբավորման ականապատած մեքենայի պայթյունից:

 

Սիրիայում եռամյա հակամարտության զոհ է դարձել ավելի քան 150 հազար մարդ: