Սիրիական բանակն ահաբեկչական կազմակերպությունների դեմ ռազմական գործողություններ ծավալելու շրջանակում վերահսկողություն է հաստատել Հոմսի մարզի արևելքում գտնվող Խուտաբ գյուղի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել, ոչնչացվել են նրանց զենքերը:

 

Տասնյակ ահաբեկիչներ սպանվել են նաև Ուաար, Ում Շարշուհ, Թել Աբու Սանասիլ գյուղերում:

 

Սիրիական բանակը հաջողությունների է հասել Դարաայի մարզում: Բանակը վերահսկողություն է հաստատել Արադի Ֆարուն շրջանի վրա, որտեղ մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել: Շեյխ Միսքին գյուղաքաղաքում 2 օրվա ընթացքում 35 ահաբեկիչ են սպանվել:

 

Դարաայում տարածվել են «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության անդամները, որոնք օժանդակություն են ստանում ինչպես Թուրքիայից, այնպես էլ Իսրայելից:

 

Իսլամական պետության դեմ ռազմական գործողությունները շարունակվում են Դեր Զորի մարզում: Մասնավորապես Դահլա, Բուլիլ գյուղերում, ալ Մայադին քաղաքում և մերձակա շրջաններում ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել և վիրավորվել:

 

Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են ավելի քան 80 երկրի ավելի քան 100 հազար զինյալ: