Սիրիական բանակը ազգային պաշտպանական խմբերի հետ համագործակցության արդյունքում վերահսկողություն է հաստատել Հոմսի շրջանի մի քանի կարևոր տարածքների վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, արդեն ազատագրված տարածքներ են Ջաբալ Զամլա ալ Մահրը, Հաջջար գյուղը, այդ թվում գազի և նավթի հանքահորերը, նաև այնտեղ գտնվող «Հայան» գազի ընկերությունը: Բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Բանակը կանխել է զինված խմբավորումների հարձակումը Հոմսի Սադ Ռասթան և Ազամ գյուղերի վրա:

 

Դարաա շրջանի Իբտա գյուղում բանակը «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամների է ոչնչացրել: Զինյալների ղեկավարների թաքստոց է ոչնչացվել Շեյխ ալ Միսքին գյուղում: Բանակի ստորաբաժանումներից մեկին հաջողվել է վերահսկողություն հաստատել Շեյխ Միսքին գյուղի արևելյան թաղամասի վրա, ինչպես նաև կանխվել է զինյալների ներխուժումը գյուղի հարավային թաղամաս:

 

Զինված խմբավորումները վնասներ են կրել նաև Դամասկոսի գյուղերում: Կալամունի շրջանում զինյալները փորձել են հարձակվել ռազմակետի վրա, արդյունքում տասնյակ կորուստներ են կրել:

 

Աղբյուրը տեղեկացնում է, որ Իդլիբի գյուղերում մոտ 2 տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

 

Սիրիական իշխանությունների տեղեկություններով իրենց երկրում ընդդիամդիր զինյալների շարքերում կռվում են ավելի քան 80 երկրի ավելի քան 100 հազար զինյալ: