Սիրիական բանակը մի քանի կարևոր կետեր է գրավել Հոմսի մարզում, մասնավորապես Մուհաֆազա գյուղում և Ջաբալ Շայիրի շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական գործողությունների ժամանակ ահաբեկչակա ն կազմակերպությունների տասնյակ անդամներ են սպանվել: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, տասնյակ զինյալներ սպանվել են Ում Ռեյշ, ինչպես նաև Սալամ Շարկի և Ուադիհի գյուղերի շրջակայքում և այլուր:

 

Լաթաքիայի հյուսիսում գտնվող Դաղմաշլիա, Զուիք, Ղամամ, Թարթիյահ գյուղերում մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել: Քարթ և Այն ալ Բայդա գյուղերում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հավաքատեղիներ են ոչնչացվել:

 

Ավելի վաղ թուրքական աղբյուրները տեղեկացրել էին, որ Սիրիայի ազատ բանակը Հալեպում դադարեցրել է կռիվը և իր 14 հազար զինյալներով հեռացել քաղաքից: Ազատ բանակի ղեկավար Ջամալ Մաարուֆը փախուստի է դիմել Թուրքիա: Նրա փախուստից հետո ազատ բանակը կորցրել է վերահսկողությունը Թուրքիայի հետ Բաբ Հաուա սահմանային անցակետի վրա, որն այժմ «Ահրար աշ Շամ» խմբավորման ձեռքում է:

 

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում: