Սիրիական բանակը ամբողջովին հսկողություն է հաստատել Հալեպի Շեյխ Նաջար և Թել ալ Ղալի գյուղերում՝ ոչնչացնելով զինյալների վերջին հավաքատեղիները: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Կալամուն շրջանի գյուղերում զինյալների դեմ պայքարի ժամանակ «Ջաբհա ալ Իսլամ» խմբավորման տասնյակ անդամ ներ են սպանվել:

 

Յաբրուդ քաղաքի Դաուար ալ Ջուրա թաղամասում զինյալներին պատկանող մեքենաներ են ոչնչացվել: Մեծ թվով զինյալներ են սպանվել Դարիա, Դումա, Հարասթա, Արաբիին շրջաններում: «Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ շարունակվում է Հալեպի որոշ թաղամասերի ռմբակոծությունը, և հազարավոր քաղաքացիներ լքում են իրենց բնակավայրերը դեպի ավելի ապահով շրջաններ: Կայքի տեղեկացմամբ փետրվարի 16-ին 10 մարդ է զոհվել ալ Ինզարաթ և Մասաքին Հանանու թաղամասերում ռմբակոծության հետևանքով:

 

Սիրիացի հարյուրավոր ընտանիքներ Յաբրուդ քաղաքից և Կալամուն շրջանի գյուղերից հեռացել են դեպի Լիբանանի Արսալ քաղաք: Նախորդ 3 օրերի ընթացքում գաղթել է մոտ 4 հազար մարդ: Իսկ ընդհանուր առմամբ, Արսալ քաղաքում հաստատվել է մոտ 8 հազար սիրիացի ընտանիք:

 

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: