Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Հալեպի Մասրանիա թաղամասի մի մասի և ամբողջությամբ Քարամ Տարրաբ թաղամասի վրա: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել, որոնցից ոմանք «Ջաբհա ան Նուսրա», «Ջաբհա ալ Իսլ ամ» խմբավորման անդամներ են եղել:

 

Պայքարը զինյալների դեմ շարունակվում է նաև Դամասկոսի մերձակայքում: Դարիա քաղաքի Մուստաֆա մզկիթի մերձակայքում 17 զինյալներ են սպանվել, այդ թվում՝ խմբավորոման ղեկավարը: Զինյալները լուրջ կորուստներ են կրել նաև Յաբրուդ, Զաբադանի, Զամալքա, Աարաբիին գյուղերում:

 

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Հալեպում կառավարական ուժերի' վառվող նյութերով ռմբակոծության հետևանքով փետրվարի 9-ին 75 մարդ է զոհվել: Ռմբակոծվում են հատկապես Հալեպի արևելյան թաղամասերը, մասնավորապես՝ Հայդարիա, Կատրջի թաղամասերը: Կայքի տեղեկացմամբ, Միսր թաղամասում ռմբակոծության հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ մի ամբողջ ընտանիք:

 

Ստեղծված իրավիճակը հազարավոր հալեպցիների ստիպել է հեռանալ քաղաքի արևմտյան թաղամասեր, որոնք գտնվում են սիրիական բանակի հսկողության տակ, իսկ հազարավոր մարդիկ հեռացել են դեպի Թուրքիա:

 

Ընդդիմադիրները հսկողություն են հաստատել Կունեյտրա քաղաքի որոշ հենակետերի վրա, սպանվել են կառավարական ուժերի տասնյակ անդամներ:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում վերջին օրերի ընթացքում 250-ից ավելի մարդ է զոհվել: