Սիրիական բանակը մարտի 30-ին հսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող 45-րդ ռազմակետի վրա: Ինչպես հաղորդում են Լաթաքիայի տեղեկատվական ցանց ֆեյսբուքյան էջը, բանակը շարունակում է ռմբակոծել ռազմավարական նշանակություն ունեցող Թել ան Նասրի ուղղությամբ, որպեսզի լայնածավալ գործողություններ սկսի Քեսաբում: Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակը Քուզ լեռան, Քուր Ալի և 45-րդ ռազմակետի շրջակայքում զինյալներին լուրջ վնասներ է պատճառել, առգրավել է նրանց զնեքերը:
Սիրիական լրատվամիջոցները նաև տեղեկացնում են, որ Քեսաբի շրջակայքում տարածվել են բանակի ստորաբաժանումները: Վերջին երկու օրում Լաթաքիայի շրջանում հարյուրավոր զինյալներ են սպանվել, այդ թվում՝ թուրքեր, ադրբեջանցիներ, չեչեններ:
Ակտիվիստների տեղեկացմամբ, սիրիական բանակի և ընդդիմադիրների միջև բախումների ժամանակ անտառներ են այրվել: Սիրիական օդուժը հրթիռակոծել է Լաթաքիայի գյուղերի անտառները, որտեղ կենտրոնացել են զինված ընդդիմադիրները:
Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: 700-ից ավելի հայ ընտանիքներ այժմ հաստատվել են Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցում: Տեղի Հայ շտապ օգնո ւթյան մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: