Սիրիայի ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ սիրիական բանակն ազգային պաշտպանական խմբավորումների հետ համագործակցելով՝ վերահսկողություն է հաստատել Հալեպի մարզի Ուեյջա շրջանի Մանաշեր, Մակլաա բնակավայրերի, ինչպես նաև մերձակայքում գտնվող բլրի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների ժամանակ զինյալները խոշոր վնասներ են կրել: Ավելի վաղ բանակը գրավել էր նաև Սաքն աշ Շաբաբի շրջանը՝ այդպիսով փակելով Թուրքիայից զինյալների Հալեպի գյուղերում տարածման ճանապարհը, որը գտնվում է Ալ Ջենդուլ և ալ Ուեյջա գյուղերի միջև:
Զինված խմբավորումները լուրջ վնասներ են կրել Հալեպի Նուբլ և ազ Զահրա գյուղերում: Գյուղերը զինյալների համար կարևոր նշանակություն ունեն, քանի որ վերահսկողություն հաստատելու դեպքում Թուրքիայից իրենց խմբակիցները հեշտությամբ կարող են տարածվել Հալեպում: Սիրիական ուժերին օգնում են ռազմաօդային միավորումները:
Զինյալների դեմ պայքարը շարունակվում է նաև Դամասկոսի մերձակայքում: Արևելյան Ղուտայի և Ջաբալ Կալամունի շրջանում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել, առգրավվել են նրանց մեծ քանակությամբ զենքերը: Բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել, որոնց թվում քուվեյթցիներ են եղել:
Սիրիական բանակը կանխել է զինյալների հարձակումը Հոմսի Այն ադ Դանանիր գյուղաքաղաքի վրա:
Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում: