Սիրիացի ակտիվիստների տեղեկացմամբ, կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել Հալեպից 5 կմ հեռավորության վրա գտնվող Հիլան գյուղի վրա, որը գտնվում է կենտրոնական բանտի մերձակայքում: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, դեռ շարունակվում են գյուղի շրջակայքում բախումները սիրիական բանակի և ընդ դիմադիր ուժերի միջև: Մյուս կողմից ակտիվիստները նշել են, որ սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել Հալեպի գյուղերում: Ազազ, Մարաա և Մարաա ալ Արթիկ գյուղերում մայիսի 20-ին ավելի քան 40 մարդ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ: Ավերվել են տասնյակ բնակելի շենքեր: Մարաայի որոշ բնակիչներ անհետ կորած են համարվում: Գյուղում մոտ 20 տուն հիմնովին ավերվել է: Տեղեկություններ կան, որ ռմբակոծության հետևանքով տուժել է Թել Ռաֆաաթ գյուղի հիվանդանոցը, մեկ բուժքույր զոհվել, մի քանիսը վիրավորվել են:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակը կանխել է զինյալների մուտքը Հալեպի անվտանգ թաղամասեր: Աղբյուրի տեղեկացմամբ, բանակը հարձակումներ է իրականացնում զինյալների թաքստոցների և հավաքատեղիների ուղղությամբ Հանանու, Բայիդին, Ջանդուլ, Քասթիլիո, ալ Լիրմուն, ալ Մանսուրա, Թել Շուեյհինա, ալ Ուֆիհի, Բայանուն, Հանդարաթ և այլ շրջաններում: Արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

 

Մայիսի սկզբից մինչև այժմ Հալեպում վիրավորվել են մոտ երեք տասնյակ հայեր: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը մոտենում է 100-ին: