Սիրիական բանակը մարտի 20-ին վերահսկողություն է հաստատել Հոմսի Հուսնի ամրոցի վրա:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ամրոցը երկու տարի գտնվում էր ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ: Բացի այդ սիրիական բանակը վերահսկում է ամրոցի մերձակայքում գտնվող գյուղեր Թալքալլախ և Ուադի Հոմս շրջաններում: Այսպիսով, զինյալներն այլևս հնարավորություն չեն ունենա մտնելու նշված շրջաններ:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, ամրոցի վրա բարձրացվել է Սիրիայի դրոշը, և վերականգնվել է Հուսն գյուղի կայունությունը և անվտանգությունը: Տեղեկություններ կան նաև, որ ամրոցի ներսում որոշ զինյալներ հանձնվել են բանակին:
Ավելի վաղ Սիրիական բանակը վերահսկողություն էր հաստատել Ռաս ալ Այն գյուղաքաղաքում, ինչպես նաև երկրարատև բախումների արդյունքում վերականգնվել էր Կալամուն շրջանի Յաբրուդ քաղաքի անվտանգությունը: Բնակիչներն աստիճանաբար վերադառնում են բնականոն կյանքին: