Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել: Լուրը հաստատել է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ բանակը հունիսի 14-ին մեծ հաջողություններ է գրացնել Քեսաբի մերձակայքում: Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը փոխանցել է, որ հունիսի 14-ին բանակը առաջխաղացում է գրացնել Երկու Աղբյուր (Էքիզոլուք, Ան Նաբային) և Գարատուրան բնակավայրերի ուղղությամբ: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ բանակը վերահսկողություն է հաստատել Սամրա և Էքիզոլուք գյուղերի վրա:
«Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ' սիրիական բանակը մտել է Քեսաբ, և թեժ մարտեր են սկսվել: Աղբյուրի տեղեկացմամբ' «Ջաբհա ան Նուսրա» և այլ ընդդիմադիր խմբավորումները սկսել են նահանջել Քեսաբ գյուղաքաղաքից:
Լուրեր են շրջանառվում, որ նահանջող ահաբեկչական խմբավորումների առջև թրքական սահմանապահ ուժերը փակել են սահմանը:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքից բնակիչների մեծ մասը տեղափոխվել է առավել ապահով վայրեր, հիմնականում Լաթաքիա, իսկ որոշ ընտանիքներ, այդ թվում' մեծահասակներ, մնացել են իրենց տներում, հետո գերի վերցվել զինյալների կողմից: Նրանց մեծամասնությանը տարել են Թուրքիայի Վաքըֆ հայաբնակ գյուղ: Այստեղից էլ հայերն ուղարկվել են Բեյրութ: