Սիրիական բանակը և զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Հալեպի Քաֆր Սաղիր գյուղի վրա՝ վերականգնելով կայունությունը և անվտանգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Քաֆր Սաղիր գյուղը գտնվում է Շեյխ Նաջար շրջանում: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են ոչնչացվել: Քաֆր Սաղիր գյուղի տներում և ճանապարհներին բանակի ստորաբաժանումները պայթուցիկ սարքավորումներ են հայտնաբերել և վնասազերծել:
Սիրիական բանակը շարունակում է Շեյխ Նաջար շրջանը մաքրել զինյալներից և բացել ճանապարհները՝ ոչնչացնելով զինյալների զենքերը: Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ Հալեպի Սախուր, Զուբդիա, Ռաշիդին, Բուսթան ալ Կասր, Շեյխ Սայիդ, Մարաա և այլ թաղամասերում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել:
Բախումները զինյալների դեմ շարունակվել են նաև Համայի գյուղերում: Համա քաղաքի մերձակայքում գտնվող Ատշանա գյուղում բախումների ժամանակ սպանվել են «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավարները և խմբավորման տասնյակ զինյալներ:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հալեպի Սինաիա քաղաքի վրա: