Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դամասկոսի Քասուա շրջանի Սաուրա գյուղաքաղաքի վրա՝ ոչնչացնելով այնտեղ զինյալների վերջին հավաքատեղիները և նրանց զենքերը: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սիրիական բանա կը զինյալներին մեծ վնասներ է հասցրել Արևելյան Ղուտայի շրջանում: Սպանված զինյալների մեծամասնությունը սիրիացիներ չեն, նրանց թվում եղել են հորդանանցիներ, քաթարցիներ, սաուդացիներ, ովքեր պատկանում էին «Ջաբհա ան Նուսրա», ինչպես նաև «Լուա ալ Կաակաա» և «Իթթիհադ ալ Իսլամիա» խմբավորումներին:

 

Բախումները զինյալների դեմ շարունակվել են նաև Ադրա քաղաքում, Ջոբարի շրջանում, ինչպես նաև Զաքիա գյուղի շրջակայքում:

 

Աղբյուրը տեղեկացնում է, որ բանակը հարձակումներ է իրականացրել Հալեպի Ժդիյդե, Սինաիա շրջանի, Հարյաթան, Բաշքուի, Թել Ռաֆաաթ, Սախուր, Սալահ ադ Դին, ալ Անսարի, Ռաշիդին թաղամասերում գտնվող զինյալների հավաքատեղիների վրա, ինչի արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

 

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Ալ Միդան թաղամասում կառավարական ուժերի տասնյակ զինծառայողներ են զոհվել: Մյուս կողմից սիրիական օդուժը շարունակում է վառվող նյութերով ռմբակոծել քաղաքի թաղամասերը, մասնավորապես' Բուսթան ալ Կասրը և Կատիրջան:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Զոհված հայերի թիվը հասել է 100-ի: