Սիրիական բանակը հնագույն Թադմուր քաղաքի մերձակայքում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում վերահսկողություն է հաստատել նավթատարի վրա: Այն տեղակայված է Թադմուրի օազիսից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք և գտնվում էր «Իսլամական պետության» ձեռքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, սիրիական օդուժը ռմբակոծություններ է իրականացրել միջնադարյան Ֆահրադ Դի ամրոցի մերձակայքում ապստամբների ուղղությամբ: Ահաբեկիչները վնասներ են կրել թե’ իրենց մարդկային ուժերում, թե’ տեխնիկայում:

 

 

Բախումները շարունակվում էն Թադմուրից 1-3կմ հեռավորության վրա: Ռմբակոծությունից քաղաքի ներսում ապստամբների մի քանի հենակետեր են ոչնչացվել:

 

 

ԻՊ-ն կորուստներ է կրել Ջաբբամ Համադ և Սաբաա ալ Միլլա գյուղերում, կանխվել է Հոմսի նահանգում գտնվող օդանավակայանին մոտենալու նրանց փորձը:

 

 

ԻՊ-ն Թադմուր քաղաքը գրավել էր մայիսի 21-ին սիրիական բանակի նահանջելուց հետո:

 

 

Պալմիրայի' բաց երկնքի տակ թանգարան համարվող ավերակները, որոնք ձգվում են շուրջ երեք կիլոմետր, ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 204 կմ հեռավորությամբ:

 

 

Հնությունների և թանգարանների վարչության պետ Մաամուն Աբդ ալ Քերիմն ավելի վաղ դիմել էր Սիրիայի օդային ուժերին և միջազգային հանրությանը' կոչ անելով պահպանել «սիրիական անապատի մարգարիտը»: