Սիրիական կառավարական ուժերը Դամասկոսի հարավ-արևմտյան հատվածում նոյեմբերի 9-ին լասնամասշտաբ գործողություններ են սկսել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դեմ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ազգային պաշտպանական ուժերը Ջաբալ աշ Շեյխ շրջանում ավելի քան 90 ահաբեկիչ են ոչնչացրել: Բախումներն ընթանում են Բեյթ Թիմա, Բեյթ Ջին, Քֆար Հոր, Բեյթ Սաբեր գյուղերում: Տեղեկություններ կան, որ բախումների հետևանքով պաշտպանական ուժերի 27 անդամ են զոհվել:

 

ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել Համայի գյուղերում: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Խան Սաբլ շրջանում ոչնչացվել է ահաբեկիչների ռազմական հենակետը, նաև մի քանի թաքստոցներ' Մաար Դուբսա, Խան Շեյխուն գյուղերում:

 

Դեր Զորի մարզի Հուիջա Սաքր գյուղում սիրիական բանակն «Իսլամական պետության» 3 անդամի է ոչնչացրել, վիրավորվել են ավելի քան 20-ը: Ոչնչացվել են նրանց ռումբերը և այլ զենքեր:

 

Դամասկոսի Հարասթա գյուղում հրթիռ ընկնելու հետևանքով 2 քաղաքացի զոհվել, ևս 2-ը վիրավորվել են: