Սիրիական բանակը Հոմսի մերձակայքում գտնվող Թել Աղար շրջանում ոչնչացրել է ԻԼԻՊ խմբավորման շարասյունը: Արդյունքում ոչնչացվել և վիրավորվել են տասնյակ զինյալներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Դամասկոսի և Հոմսի միջև գտնվող Կալամուն շրջանում սիրիական օդուժը հարված է հասցրել Լիբանանից սիրիական տարածք ներթափանցած ապստամբներին:
Սիրիական օդուժը ռմբակոծել է նաև Դեր Զորի, մասնավորապես Աբու Օմար, Ալ Մրեյե և Մուհասանի շրջաններում ԻԼԻՊ-ի հենակետերի ուղղությամբ: Սիրիայի ռազմական ուժերը մոտեցել են իսլամիստների կողմից գրաված աթ Թիմ նավթաբազային:
Զինյալները լուրջ վնասներ են կրել նաև Իդլիբի շրջանում: Նրանք փորձել են հարձակվել Մաարաթ Նուման և Ուադի Դեյֆ Համդիե գյուղերում գտնվող ռազմական հենակետերի վրա, արդյունքում ոչնչացվել են զինյալների 3 տանկ և մի քանի մեքենա:
Սեպտեմբերին 2-ի առավոտյան զինյալները հրասանդներ են արձակել Իդլիբ քաղաքի մի քանի թաղամասերի ուղղությամբ, որոնց հետևանքով 2 քաղաքացի վիրավորվել են: 13 հրասանդ է արձակվել քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ: Բացի այդ, նյութական վնասներ են կրել բնակիչների տները և ունեցվածքը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: