Դամասկոսում ռումբի պայթյունից 9 քաղաքացի է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռումբն ընկել է Բանի Ումմիա մզկիթի մերձակայքում: Վիրավորների թվում երկու երեխաներ կան: Բացի մարդկային վնասներից, շրջակայքը նույնպես նյութական վնասներ է կրել:
Սիրիական բանակը փետրվարի 1-ին Հալեպի Մուշհադ թաղամասում ոչնչացրել է զինյալներին պատկանող, այսպես կոչված, դատարանը: Բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Բացի այդ, սիրիական բանակը Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում զինյալների թաքստոցներ է ոչնչացրել: Դրա հետ մեկտեղ, ոչնչացվել են նրանց զենքերը և զինամեթրքը:
Բախումներ են ընթացել նաև Հալեպի Շաար, Ալ Անսարի, Մրջե, Բուսթան ալ Կասր, Բանի Զեյդ, Կադի Ասքար, Ջազմաթի թաղամասերում, որտեղ ևս զինված խմբավորմները լուրջ կորսուտներ են կրել:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ սիրիական բանակի ռմբակոծության հետևանքով Հալեպում հունվարի 31-ին ավելի քան 40 մարդ է զոհվել: Աղբյուրի տեղեկացմամբ' Մանբաջ շրջանում զինված խմբավորումները հսկողություն են հաստատել 15 գյուղերի վրա: Նշված գյուղերը նախկինում գտնվել էին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող խմբավորման հսկողության տակ:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի: