Սիրիական բանակը սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում՝ Կասիր գյուղում, մեծ թվով ահաբեկիչների է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, բանակը կրակ է բացել Հոմսի արևելքում գտնվող գյուղերում գտնվող ահաբեկիչների թաքստոցների ուղղությամբ, արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: «Իսլամական պետության» անդամներ են սպանվել և վիրավորվել Ռահում գյուղում:

 

Ահաբեկիչների դեմ պայքարի շրջանակում Դարաայի մարզի Բուսրա Շամ քաղաքում ծայրահեղական ահաբեկչական խմբավորման անդամներ են սպանվել: Ահաբեկիչները լուրջ կորուստներ են կրել նաև Մաարաբ գյուղաքաղաքում:

 

Այնտեղ տարածվել են «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամները, որոնք հաճախակի հարձակումներ են իրականացնում խաղաղ բնակիչների, նրանց տների վրա:

 

Աղբյուրը տեղեկացնում է, որ ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել Դեր Զոր քաղաքի թաղամասերում և մերձակա գյուղերում: Մասնավորապես Ջաբալիա, Ռաշիդին, Հուեյկա, Ռասաֆա, Ջաֆրա, Հուեյնիա և այլ գյուղերում ոչնչացվել են նրանց թաքստոցները, զենքերը:

 

Դամասկոսի բնակելի Մասքին Բրզե թաղամասում հրասանդ ընկնելու հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել: Ոստիկանության տեղեկացմամբ, հրասանդն ընկել է թաղամասի այգում, որը գտնվում է Դամասկոսի հյուսիսային հատվածում:

 

Եվս մեկ հրասանդ ընկել է մայրաքաղաքի Թիջարա թաղամասում, մեկ խաղաղ բնակչուհի է վիրավորվել: Թիջարա թաղամասը գտնվում է Ջոբար թաղամասի մերձակայքում, որտեղ կենտրոնացած ահաբեկչական կազմակերպությունները հարձակումներ են իրականացնում Դամասկոսի թաղամասերի վրա:

 

Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են ավելի քան 80 երկրների 100 հազարի ավելի զինյալներ: