Սիրիական բանակը մեծ հաջողություններ է գրանցել հարավային ճակատի 3 ուղղություններով՝ Դարաայի հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Կունեյտրայի և Ռիֆ Դիմաշկ մարզերի շրջաններում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը վերահսկողություն է հաստատել 4 գյուղերի՝ Համրիթ, Խիրբաթ Սուլտանա, ալ Հիբարիա, Սաբսաբա և Թել ալ Կարին, Թուլուլ Ֆատիմա, Թել Սայյադ բլուրների վրա՝ ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների:
Սիրիական բանակը ծանր հրետանիով ռմբակոծել է «Իսլամական պետության» թաքստոցները Հասաքեի մարզում՝ կանխելով հարձակումը Դաուդիա գյուղի վրա: Բանակը ռմբակոծել է նաև Հասաքեի հարավում գտնվող Միլբիա շրջանը, որի հետևանքով ԻՊ-ն մեծ վնասներ է կրել, ոչնչացվել են ահաբեկիչների զենքերը:
Ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցության արդյունքում սիրիական բանակն իր հակակշռի տակ է առել Թել Բարաք ճանապարհը՝ վերականգնելով 31 գյուղերի և ագարակների անվտանգությունն ու կայունությունը Հասաքեի հյուսիս-արևելյան հատվածում:
Ավելի վաղ բանակն ազատագրել էր Ղամիշլի քաղաքի հարավ-արևելքում գտնվող 16 գյուղ և ագարակ:
Փետրվարի 23-ին «Իսլամական պետությունը» հարձակվել էր Սիրիայի Հասաքե մարզի արևմուտքում գտնվող ասորական գյուղերի վրա, այրել եկեղեցիներ, տներ, սպանել բնակիչների: Հազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը: