Սիրիական ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, այդ երկրի բանակը Հոմսի մարզի Ռուսթան քաղաքում ոչնչացրել է «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության զինապահեստը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, քաղաքը կարևոր նշանակություն ունի ահաբեկիչների համար, քանի որ այնտեղ գտնվող լճակն ահաբեկիչներն օգտագործում էին մակույկներով դեպի հարևան գյուղեր զենքեր տեղափոխելու համար: Հոմսի մի քանի գյուղերում, մասնավորապես Սալամ Շարկի, Ում Սահրիջ գյուղերում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել:

 

Սիրիական բանակը հաջողություն է գրանցել Դարաայի մարզում գտնվող Շեյխ Մաքսին գյուղաքաղաքում: Տեղի ունեցած բախումներում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամների հետ սպանվել է նաև նրանց ղեկավարը: Ոչնչացվել են նրանց զենքերը և թաքստոցները:

 

Շեյխ Մաքսինը գտնվում է Ալ Կունեյտա և Դարաա մարզերը միացնող ճանապարհների խաչմերուկում: Սիրիական ուժերը ռմբակոծում են ճանապարհը, որով զինյալները փորձում են համալրել իրենց ուժերը: Բախումներ են ընթանում նաև պաղեստինցիների Նազիհին ճամբարում, ինչպես նաև ալ Կարակ շրջանում:

 

Մյուս կողմից' սիրիական օդային ուժերը ռմբակոծում են Հալեպի հյուսիսում գտնվող Զահրա և Նուբլ գյուղերի մոտ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումների ուղղությամբ: Շիական գյուղերին օգնության ցուցաբերելու նպատակով այնտեղ են ուղևորվել Քոբանիի և Աֆրինայի քրդական ուժերը: