Սիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայի շրջանում հարձակում է գործել «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորուման հենակետերի ուղղությամբ՝ լուրջ վնասներ հասցնելով նրանց:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սպանված ահաբեկիչների թվում եղել են սաուդացիներ, թունիսցիներ:

 

Դումա քաղաքի ծայրամասերում տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, այդ թվում՝ «Ջաբհա ան Նուսրայի» 3 ակնառու ներկայացուցիչներ: Արաբական որոշ աղբյուրների տեղեկացմամբ՝ ընդդիմադիր ակտիվիստների խոսքով, սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով Դումա քաղաքում 18 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Դումա քաղաքը ենթարկվել է 4 օդային հարվածների:

 

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, ահաբեկչական խմբավորման ղեկավարներ են սպանվել Դարաայի մարզի Քահիլ գյուղաքաղաքում, որը գտնվում է Հորդանանի սահմանի մերձակայքում: Դարաայի շրջանում ոչնչացվել են «Ահրար աշ Շամ» խմբավորման մեծ քանակությամբ զենքեր:

 

Զինված ընդդիմադիր խմբավորումները վնասներ են կրել նաև Հալեպի մարզում, Հալեպի հյուսիսային և արևմտայն շրջաններում, մասնավորապես Թել Ռաֆաաթ և Ազազ քաղաքներում, որոնք ահաբեկիչների հիմնական հենակետերն են:

 

Հասաքեի մարզում բանակի հետ բախումների ժամանակ «Իսլամական պետության» ահաբեկիչներ են ոչնչացվել: Հասաքե քաղաքի հարավում գտնվող Թել ալ Հադա, Թել Տալիա գյուղերում ԻՊ-ի հավաքատեղիներ են ոչնչացվել: Տասնյակ ահաբեկիչներ սպանվել են Շամիրամ գյուղաքաղաքում:

 

Սիրիայում արդեն 4 տարի շարունակվող պատերազմի զոհ են դարձել ավելի քան 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են իրենց տները: