Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում հունիսի 24-ի հետկեսօրին տեղացած հորդառատ կարկտից եւ անձրեւից առաջացած ջրհեղեղը լուրջ վնասներ է պատճառել գյուղի երեք թաղամասերի վեց տասնյակին մոտ տնտեսություններին եւ ենթակառուցվածքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը դեպքի վայրից, ջրհեղեղն առաջացել է գյուղի հարավային հատվածում' ողողելով գյուղամիջյան ճանապարհները,ցանքերը, տնամերձ հողամասերը, տնտեսությունների անասնագոմերը, նկուղները, հացատները, վնասելով խմելու եւ ոռոգման ջրատարները: Գրանցվել է նաեւ ընտանի կենդանիների անկման եւ անասնագոմերի պատերի կամ առաստաղների փլուզման դեպքեր: Գյուղամերձ ցանքերում կուտակված կարկտի շերտը կազմել է մոտ 30 սանտիմետր, որի հալոցքը եւս նպաստել է հեղեղի առաջացմանը:

 

«Հորդառատ կարկուտն ու անձրեւը տեւեցին մոտ քառասուն րոպե, որից հետո մոտ մեկ ժամ տեւողությամբ, մոտ մեկ մետր բարձրությամբ հեղեղը ավերածություններ էր գործում գյուղի երեք թաղամասերով մեկ: Որեւէ կերպ կանգնեցնել հեղեղի թափն անհնար էր: ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները պոմպերի միջոցով դուրս են մղում բնակարանների նկուղներում կուտակված մեծածավալ ջրերը, մարդիկ դույլերով դուրս են մղում անասնագոմերում կուտակված ջուրն ու տիղմը: Գյուղը ժամերով մնացել է հոսանքազրկված, ճանապարհները դարձել են անանցանելի»,-«Արմենպր ես»-ի հետ զրույցում նշեց Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը:

 

Ճանապարհների հատվածներում եւ տնամերձ հողամասերի կարտոֆիլի ցանքերում հեղեղն առատ տիղմ ու քարեր էր կուտակել, իսկ առանձին տեղերում էլ խոր խանդակներ առաջացրել:Մարդիկ մեկ ժամ տեւած աղետից հետո ներկայացնում էին բնության անսանձ տարերքի պատճառած վախի տպավորությունները:

 

«Ես մեր նկուղային հարկում էի, հացի սեղանի մոտ, որտեղ հաց ենք ուտում ընտանիքով: Հանկարծ հեղեղը թափով լցվեց ներս, ինձ քշեց իմ նստած տեղից:Աղջիկս իրեն դրսից նետեց ներս, ինձ մի կերպ դուրս բերեց փորձանքից»,-պատմեց ութսունութամյա Գեղեցիկ Աղաջանյանը: «Հեղեղը լցվեց բակ, դեմը չկարողացանք փակել, ապա միանգամից մտավ անասնագոմ, որի տանիքը գետնին հավասար է: Առաստաղը ջրի ծանրությունից փլվեց, հորթին մի կերպ կենդանի դուրս հանեցինք փլվածքի տակից»-պատմեց Բավական Առաքելյանը: Փլվել էր նաեւ Հասմիկ Խուրշուդյանի գոմի պատը եւ առաստաղը:

 

«Վնասների չափերը կճշտվի համապատասխան հանձնաժողովների կողմից, բայց նախնական տվյալներն արդեն տալիս են աղետի հասցրած վնասների մոտավոր պատկերը: Վերականգնման են ենթակա խմելու եւ ոռոգման ջրատարները, ճանապարհները, փլված շինությունները, փոխհատուցման ենթակա' վնասված ցանքատարածությունները, ինչը վեր է տեղական բյուջեի հնարավորություններից: Տուժածների մեջ կան նաեւ պայմանագրային եւ ժամկետային զինծառայողների ընտանիքներ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:Վնասների հնարավոր չափերը ճշտվում են: