Սիրիական զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ զինված ուժերը Սիրիայի հարավային շրջաններում լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում վերականգնել են Դամասկոս, Կունեյտրա, Դարաա մարզերի մի շարք գյուղերի կայունությունն ու անվտանգությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ազատագրվել են Դեր Ադաս, Դանաջի, Դեր Մաքր գյուղաքաղաքները, ինչպես նաև Մասիհ, Մարիի, Արուս, Սարջա բլուրները: Ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել են «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման մեծ թվով անդամներ: Հայտարարության մեջ նաև նշվել է, որ բանակը շարունակում է պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ:

 

Հորդանանի տարածքից «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները տարածվել են Սիրիայի հարավային հատվածներում և այնտեղից հարձակումներ են իրականացնում բնակիչների վրա:

 

Սիրիական բանակը Հոմսի մարզում, մասնավորապես բնակելի Աբու Հաուդադիդ, Սալամ Ղարբի և Ռահում բնակավայրերում ուժգին հարվածներ է հասցրել ահաբեկիչների թաքստոցներին՝ լուրջ վնասներ հասցնելով նրանց: Ադ Դուեբա և Մասաադա գյուղերի միջև ահաբեկիչներին պատկանող մեքենա է պայթեցվել: