Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քեսաբ գյուղաքաղաքում մարտի 21-ից սկսված մարտերը դեռ շարունակվում են: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:

 

Արաբական աղբյուրները տեղեկացնում են, որ բանակը հաջողություններ է գրանցել զինյալների դեմ բախումների ժամանակ: Սիրիական բանակն իր հսկողության տակ է վերցրել զինյալների գրաված մի քանի կարևոր կետեր: Բանակը շարունակում է մեծ ուժով հարձակումներ գործել զինյալների վրա՝ ստիպելով նրանց փախուստի դիմել: Դեռ հստակ տեղեկություններ չեն հաղորդվում զոհերի և վիրավորների մասին, միայն տեղեկություններ կան, որ դրանց թիվը գերազանցել է տասնյակը:

 

Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել Թուրքիայի սահմանակից Սամրա գյուղի վրա:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է Թուրքիայի սահմանի երեք կողմերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները:

 

Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների' Հայաստան ներգաղթին զուգահեռ օտարազգիներն սկսել են հաստատվել այնտեղ։