Սիրիական բանակն ընդլայնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները Դամասկոսի մերձակայքում գտնվող Ադրա գյուղաքաղաքի շրջակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների ժամանակ մեծ թվով զինյալներ են սպանվել և վիրավորվել: Միևնույն ժամանակ բանակը գրավել է Քասուա շրջանի Տայիբա գյուղաքաղաքի մերձակայքում գտնվող մի քանի կետեր: Բանակն առաջխաղացում է գրանցել Դուխանիա գյուղի մերձակայքում, որտեղ բացի տասնյակ զինյալներից, սպանվել է նաև նրանց ղեկավարը, Զամալքայում ոչնչացվել է զինյալների թաքստոցը: Սպանված զինյալների մեծամասնությունը սիրիացիներ չեն եղել:
Սիրիական բանակը հաջողություն է գրանցել նաև Ջոբար թաղամասում Տայիբ մզկիթի շրջակայքում՝ վերահսկողություն հաստատելով մի քանի շինությունների վրա:
Բախումները շարունակվում են Իդլիբի գյուղերում ու քաղաքներում: Իդլիբի օդանավակայանի մոտ գտնվող Աբու Դուհուր քաղաքում զինյալների մեքենաներ են ոչնչացվել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Իդլիբի մարզում կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով 42 քաղաքացիներ են զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ռմբակոծվել են երկրի հյուսիս-արևմտյան շրջանները, մասնավորապես Սարաքեբ և Իհսամ քաղաքները: Ռմբակոծությունից տուժել է Սարաքեբի մերձակայքում գտնվող շրջանը, որտեղ բնակվում էին նույն քաղաքից փախուստի դիմած քաղաքացիները: