Սիրիական բանակը երկրի տարբեր հատվածներում շարունակում է ուժգին հարվածներ հասցնել զինված խմբավորումներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը Դարաայի մարզում կանխել է զինյալների հա րձակումը ռազմակետերի, ինչպես նաև բնակելի թաղամասերի վրա: Բուսրա քաղաքում բանակը հսկողություն է հաստատել մի քանի շենքերի վրա, որտեղ բնակվում էին ահաբեկիչները: Հասաքեի մարզում բանակի ստորաբաժանումներից մեկը տասնյակ զինյալներ է ոչնչացրել Մախրում, Ում ալ Քուբր գյուղերում:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ' զինյալները լուրջ վնասներ են կրել Իդլիբի մի քանի գյուղերում:
«Ալ Մայադին» գործակալությունը տեղեկացնում է, որ Հոմսի Շայիր գազային դաշտի մերձակայքում թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի և «Իսլամական պետության» միջև: Աղբյուրի տեղեկացմամբ' «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը նահանջել է Զահրայի մերձակայքում գտնվող տարածքներից:
Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում: