Սիրիական բանակը Հոմսի արևելյան և հյուսիսային գյուղերում մեծ վնասներ է հասցրել ահաբեկչական ծայրահեղական կազմակերպություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող մեծ քանակությամբ զենքերը: Հոմսի հյուսիս-արևելյան հատվածում գ տնվող Մաշիրֆա գյուղում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց հավաքատեղիները, թաքստոցները:

 

Բախումներ են ընթանում Հոմսի մարզի Աշ Շայիր գազային դաշտի մերձակայքում, Ռուհում գյուղում, որտեղ «Իսլամական պետության» տասնյակ անդամներ են սպանվել և վիրավորվել:

 

Դամասկոսի Խան Շեյխ գյուղի մերձակայքում սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը ռազմակետի վրա:

 

Գյուղում նախորդ շաբաթների ընթացքում «Ջաբհա ան Նուսրա»-ի մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել: Այն գտնվում է Դամասկոսի հարավ-արևմուտքում, որտեղ նաև պաղեստինցի փախստականների ճամբարն է:

 

Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ՝ Իդլիբի մարզում վատ եղանակային պայմանների հետևանքով հունվարի 17-ի երեկոյան սիրիական օդային ուժերի օդանավ վայր է ընկել: Օդանավն ընկել է Աադ Դուհուր շրջանում գտնվող օդանավակայանի մոտ, օդանավի բոլոր անդամները զոհվել են:

 

«Ջաբհա ան Նուսրա» կազմակերպության անդամները պնդում են, որ օդանավը խոցել են իրենց զենիթայինները:

 

Տեղեկություններ էին ստացվել, որ Իսրայելը հրթիռներ է արձակել սիրիական Կունեյտրա մարզի բնակավայրերից մեկի վրա, ինչի հետևանքով զոհվել է «Հըզբոլլահ»-ի հատուկ ծառայության նախկին ղեկավարի՝ Իմադա Մուղնիի որդին՝ Ջիհադ Մուղնին: Վերջինս ընդգրկված էր շիական խմբավորման շարքերում և ռազմական գործողությունների էր մասնակցում Մազրաաթ ալ Ամալ շրջանում:

 

«Ալ Արաբիա» հեռուստաընկերության տեղեկացմամբ՝ հրթիռակոծման արդյունքում 6 զինյալներ են սպանվել: