Սիրիական բանակը մարտի 10-ին Դարաայի շրջանում զինյալների թաքստոցներ է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների ընթացքում զինյալներ են սպանվել և վիրավորվել:

 

Նրանք փորձել են հարձակում գործել Հարրաք գյուղի ռազմական հենակետի վրա: Սիրիայի ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ զինյալները լուրջ կորուստներ են կրել Դարաայի Ղարզ ալ Խաբրաթ բանտի մերձակայքում: Տասնյակ զինյալներ էլ սպանվել են Հոմսի Հուլայի շրջանի Թադլու գյուղում:

 

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ «Ջաբհա ալ Իսլամիա» խմբավորումը մարտի 9-ին հայտարարել է, թե պատրաստ է հսկողություն հաստատել Հոմսի Զարա գյուղի որոշ հատվածների վրա: Կայքի տեղեկացմամբ, գյուղի մերձակայքում տեղի ունեցած բախումների ժամանակ սիրիական բանակի ավելի քան 40 զինծառայողներ են զոհվել: Աղբյուրը նաև նշել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում բախումների ընթացքում սիրիական բանակի ավելի քան 130 զինվոր է զոհվել:

 

Սիրիական բանակը 36 օր շարունակ փորձում է հսկողություն հաստատել Համայի շրջանի Մուրք քաղաքի վրա, որը գտնվում է Սիրիայի ազատ բանակի հսկողության տակ: Այն կարևոր դիրք ունի Դամասկոսի և Հալեպի միջև միջազգային ճանապարհի վրա:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, այդ թվում' զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: